Թուրքիան կնքել է առաջին արտահանման պայմանագիրը Bayraktar Akinci մարտական ԱԹՍ-ներ մատակարարելու համար, որոնց շարժիչները, ինչպես ավելի վաղ հայտարարել են Կիեւում, կմատակարարվեն Ուկրաինային: Այդ մասին կիրակի հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կնքվել է Bayraktar Akinci հարվածային ԱԹՍ-ի շուրջ առաջին արտահանման պայմանագիրը: Պայմանագրի շրջանակում մատակարարումը նախատեսվում է 2023 թվականին»,- Anadolu Ajansi-ին մեջբերում է նրա խոսքերը: Baykar Makina-ի գործադիր տնօրենը չի պարզաբանել, թե որ երկրի հետ է կնքվել այդ պայմանագիրը:

Բայրաքթարը նաեւ հայտարարել է Bayraktar ՏԲ-2 ԱԹՍ-ի բարձր պահանջարկի մասին: «Դրանք ձեռք բերելու համար պայմանագրերը կնքվել են 16 երկրների հետ»,-հավելել է նա:

Նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Ուկրաինայի ԱԳՆ Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ երկրի երկու ընկերությունները՝ պետական ձեռնարկություն «Իվչենկո-Պրոգրեսն» ու «Մոտոր Սիչը» պայմանագրեր են կնքել թուրքական ԱԹՍ-ներին շարժիչներ մատակարարելու համար: