Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հակաօդային պաշտպանության համակարգերը Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժման արձակած երկու բալիստիկ հրթիռ են որսացել եւ ոչնչացրել, հայտնում է երկրի պետական ​​գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարձակման ժամանակ ոչ ոք չի տուժել։ Նաեւ հաղորդվում է, որ հրթիռների բեկորներն ընկել են Աբու Դաբի էմիրության որոշ շրջաններում։ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել «հակազդել ցանկացած սպառնալիքի եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետությունը բոլոր հարձակումներից պաշտպանելու համար»։

Անցյալ շաբաթվա սկզբին մի քանի անօդաչու թռչող սարքեր միաժամանակ խոցեցին թիրախները ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում, այդ թվում՝ նոր օդանավակայանի շինհրապարակը եւ վառելիքի գետնապահեստներն Ազգային նավթային ընկերության պահեստների մոտ, ինչի հետեւանքով երեք մարդ զոհվել եւ վեց մարդ վիրավորվել էր: Հուսիները ստանձնեցին պատասխանատվությունը. նրանք հարձակումը Եմենում իրենց դեմ պատերազմին Էմիրությունների մասնակցության պատասխան անվանեցին: