Apple-ը մտադիր է 2022 թվականին ռեկորդային թվով նոր պրոդուկտներ ներկայացնել եւ թողարկել, գաջեթների մեծ մասը կներկայացվի այս աշնանը։ Դրանց անվանումները ու բնութագրերը բացահայտել է Bloomberg-ի լրագրող, վերլուծաբան Մարկ Գուրմանը։

Նրա խոսքով՝ Apple-ը միտումնավոր հետաձգում է բազմաթիվ նոր սարքերի թողարկումը մինչեւ տարեվերջ՝ ամանորյա տոները ներառող ֆինանսական եռամսյակի համար ամուր ֆինանսական արդյունքները պահպանելու համար։ «Ընկերությունն աշնանը պատրաստվում է իր պատմության մեջ նոր ապրանքների ամենալայն տեսականին», - ասաց Գուրմանը:

Վերլուծաբանը պատմել է, որ աշնան գլխավոր ռելիզը կդառնան iPhone 14 շարքի ֆլագմանները: Սմարթֆոններից բացի, ընկերությունը կներկայացնի թարմացված AirPods Pro-ն, էժան iPad-ների շարքը եւ iPad Pro-ի նոր սերունդը։

Միջոցառմանը կցուցադրվեն նաեւ նոր սերնդի Apple Watch խելացի ժամացույցները, նորացված MacBook Air-ը եւ MacBook Pro-ի ավելի մատչելի տարբերակը: Չեն անտեսվի նաեւ Apple-ի սեղանադիր համակարգիչները. կներկայացվեն iMac-ը եւ Mac Pro-ն՝ հիմնված Apple-ի սեփական պրոցեսորների վրա: