Ես վերջին ժամանակահատվածում նախագահի ինստիտուտի գործունեությունը որեւիցե կերպ չեմ կարող  համադրել մեր պետականության ամրապնդման եւ դրա շուրջ ընթացող որեւէ գործընթացի հետ, եւ չեմ կարող ասել, որ նախագահի ինտիտուտը որեւէ գործունեություն է ծավալել: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նխարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:

«Ես ցավում եմ, որ Արմեն Սարգսյանը  իր հրաժարականը տվել է դրսից: Չգիտեմ՝ ինչն է պատճառ եղել: Ինքը կարծես, որեւէ առողջական խնդիր չունի, կամ եթե ունի, ինքը պետք է բացատրի դրա մասին:

Այսօրվա մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, որ երկրի գլուխն իր պարտականությունները կատարի: Եթե ինքը ապացուցելու խնդիր ունի վերաբերվող հայ ժողովրդի ապագային, ինքը ընդհակառակը, պետք է լինի այստեղ, շարունակի իր գործունեությունը եւ ապացուցի եւ ընթացք տա, թե ինչ նպատակներ ունի:

Ես կարծում եմ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում, եւ նաեւ ՀՀ նախագահի անգործունեության եւ լուռ համաձայնության արդյունք են»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նա համոզմունք հայտեց, որ Արմեն Սարգսյանն իր կարողություններով ու գիտելիքներով հնարավորություն ուներ ուսումնասիրել մեր Սահմանադրությունը եւ իր պատականությունները կատարել. «Սա նշանակում է, որ կամ նա ունեցել է պայմանավորվածություններ ներկայիս իշխանությունների հետ, կամ կարող է պատահի առերեւույթ ճնշումներ են եղել, կամ էլ իր պատականությունները պարզապես չի կատարել, թերացել է»,-ընդգծեց նա:

Սեյարն Օհանյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ նախագահի հրաժարականի եւ ներքաղաքական, եւ աշխարհաքաղաքական պայմաններ կարող են լինել. «Կարող են լինել նոր փաստաթղթեր, որոնցից ինքը խուսափում է»: