Չեմ կարծում, թե այն անձը, որը իր պաշտոնավարման ընթացքում պարտականությունները չի կատարել, իր բոլոր լծակները չի օգտագործել ասենք, ստեղծված իրավիճակից ելնելով պետությանն աջակցելու, եւ նաեւ գործընթացներ չի իրականացրել զսպելու այն բոլոր թերությունները, որոնք եղել են, եւ այս դժվար իրավիճակում հրաժարական տվել, մենք կարող ենք ասել, որ ունի հայրենասիրության ինչ-որ մի մակարդակ: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:

Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Սեյրան Օհանյանն ասաց. «Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում մենք պայմաններ չունենք, պայմանը պետք է լինի խաղաղությունը: Պայմանները պետք է լինի հակառակորդի տարածքային ամբողջականության ճանաչումը, իսկ դա լուրջ հարված է Արցախի ինքնորոշմանը: Հակառակորդն իրեն չի դրսեւորում որպես հարեւան, որը ձգտում է խաղաղ ապրել մեզ հետ: Ընդհակառակը, նրանց հռետորաբանությունը եւ կոնկրետ գործողությունները, սադրանքներ խոսում են այն մասին, որ իրենք շարունակում են ճնշման տակ պահել Հայաստանը, մեր սահմանները եւ մեր իշխանություններին»: