Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 24-ից 28-ը խառը ձեւաչափով։

Նիստին կքննարկվեն Եվրոպայում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության աճի դեմ պայքարը, Անդրկովկասում նրանց իրավունքների ոտնահարումը, բիզնեսը եւ արժեքները ֆուտբոլային մենեջմենթում (նածատեսված է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ելույթը), Ալեքսեյ Նավալնու թունավորումը եւ ԶԼՄ-ների դերը ճգնաժամի ժամանակ, հաղորդվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: 

Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն հատուկ միջոցառում կանցկացնի՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան, որին կմասնակցի Ֆրանսիայի կրթության, երիտասարդության եւ սպորտի նախարար Ժան Միշել Բլանքերը։ Բացի այդ, կապահովվի Հոլոքոստը վերապրածների մասնակցությունը (տեսաուղերձի եւ տեսահղմամբ ելույթների միջոցով): Միջոցառմանը կհաջորդի Եվրոպայում պատմության դասավանդման վերաբերյալ Աստղադիտարանի աշխատանքի քննարկումը:

Նստաշրջանի բացմանը ԵԽԽՎ-ն պետք է նոր նախագահ ընտրի: Խորհրդարանական վեհաժողովը մտքեր կփոխանակի Նախարարների կոմիտեի Իտալիայի նախագահության հետ։ Վեհաժողովին ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Օրակարգում ներառված են նաեւ հետեւյալ հարցերը. ԵՄ պակտը միգրացիայի եւ ապաստանի մասին՝ մարդու իրավունքների տեսանկյունից, ժողովրդավարական մասնակցության եւ կլիմայի փոփոխությանն արձագանքելու երեխաների իրավունքները, բռնի անհետացումները Եվրոպայի խորհրդի անդամ երկրների տարածքում, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը  Հայաստանում: