Երբ Արմեն Սարգսյանը հանձն առավ Հայաստանի նախագահի պաշտոնը, նա գիտեր, որ Սահմանադրությամբ որոշակի իրավունքներ ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 24-ին ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Իսկ հիմա, 4 տարի անց, ասում է, որ դա այդպես է... Պետք է մինչեւ պաշտոնավարելը ծանոթանար Սահմանադրությանը։ Նրա հրաժարական տալու որոշումը կանխատեսելի էր»,- նշեց նա։

Պատգամավորը բացառեց, որ նախագահի վրա ճնշում է եղել։

«Փաշինյանը՝ որպես ժողովրդավար առաջնորդ, կոչ չէր էլ անում այդ պաշտոնին ընտրված մարդուն հեռանալ։ Նա (նախագահը – խմբ.) քաղաքական քննարկումների իրավունք չունի։ Չեմ կարծում, թե այդ ինստիտուտը իրավիճակի վրա ազդելու հնարավորություն ունի։ Այն ներգրավված չէ քաղաքական գործընթացներում։ Իսկ եթե կարող է եւ չի անում, ապա դա ավելի վատ է, քանի որ երդում է տվել»,- պարզաբանեց Սուքիասյանը։

Նա տեղեկացրեց, որ առայժմ նախագահի պաշտոնի նախընտրելի թեկնածու  չունի։

«Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուին, ապա պետք է իմանալ, թե ում կառաջադրեն»,- ամփոփեց պատգամավորը։