Անվտանգության գոտին հայ-ադրբեջանական սահմանին չպետք է ֆետիշացնել։ Անվտանգությունը չպետք է կտրել մարդկանցից՝ քննարկումների առանձին թեմա դարձնելով։ Այս մասին հունվարի 24-ին Ազգային ժողովի նիստում, հանրապետության նոր օմբուդսմենի ընտրության հարցի քննարկման ընթացքում, ասաց պաշտոնի միակ թեկնածու, արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Խոսքը, ըստ նրա, առաջին հերթին մարդկանց անվտանգության մասին է։

«Սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն Ադրբեջանում բավական բարդ է եւ կոմպլեքսային։ Դրանում կա նաեւ քաղաքական կոմպոնենտ։ Այնուամենայնիվ, շատ կարեւոր է, որ դրա հիմքում ընկած են նաեւ մարդու իրավունքների հարցերը։ Օրինակ, եթե ուշադրություն դարձնենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի պրակտիկային, ապա կարելի է նկատել, որ այնտեղ, քաղաքական հարցերի լուծմանը հավասար, դիտարկվում են նաեւ բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման հետ կապված հարցերը»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության մասին խոսում է գործող օմբուդսմենը։ Այսպիսով, ակնհայտ է, որ Գրիգորյանը գոնե այս հարցում մտադիր չէ շարունակել իր նախորդի քաղաքականությունը։