ՆԱՏՕ գծով դաշնակիցները ուժերը բերում են պատրաստ վիճակի եւ լրացուցիչ նավեր եւ ինքնաթիռներ են ուղարկում Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ տեղակայման վայրեր՝ ուժեղացնելով զսպման  գործոնն ու դաշնակիցների պաշտպանությունը, «քանի որ Ռուսաստանը շարունակում է ավելացնել իր ռազմական ներկայությունն Ուկրաինայում եւ նրա շուրջ», նշվում է ՆԱՏՕ կայքում։

Վերջին օրերին մի շարք դաշնակիցներ հայտարարություններ են արել ընթացիկ կամ սպասվող ծավալման մասին։ Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթիկ ծով եւ պատրաստվում է Լիտվա ուղարկել չորս F-16 կործանիչ տարածաշրջանի օդային տարածքի պարեկման հարցում ՆԱՏՕ առկա առաքելությանն աջակցության համար։ Իսպանիան ուղարկում է նավեր ՆԱՏՕ ռազմածովային ուժերին միանալու համար եւ դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը։ Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել  Ռումինիա մտցնել զորքեր ՆԱՏՕ հրամանատարության ներքո։ Նիդեռլանդները ապրիլից Բուլղարիա կուղարկի երկու F-35 կործանիչ ՆԱՏՕ գործունեությանն աջակցելու համար տարածաշրջանի օդային տարածքի պարեկման հարցում, ինչպես նաեւ մի նավ եւ ցամաքային ստորաբաժանումներ կուղարկի ՆԱՏՕ արձագանքման ուժերի ռեզերվի համար։ Միացյալ Նահանգները հստակ հասկանալ է տվել, որ դիտարկում է ռազմական ներկայության մեծացման հնարավորությունը Հյուսիսատլանտյան դաշինքի արեւելյան մասում։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել է. «Ես ողջունում եմ դաշնակիցներին, որոնք լրացուցիչ ուժեր են տրամադրում ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բոլոր դաշնակիցների պաշտպանության համար, այդ թվում Հյուսիսատլանտյան դաշինքի արեւելյան մասի ուժեղացման միջոցով։ Մենք միշտ կարձագանքենք մեր անվտանգային միջավայրի ցանկացած վատթարացմանը, այդ թվում մեր հավաքական պաշտպանության ուժեղացման ճանապարհով»։