Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ վարչական շրջանի բնակիչները ճանապարհ չեն փակել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի վարչական ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Գեւորգյանը։

«Հավաքվել են քննարկելու գյուղի հետ կապված խնդիրները, խոսքը համայնքների խոշորացման մասին է։ Ոչ մի ճանապարհ չի փակվել, այսպես ասած՝ ժողով են արել։ Հավաքվել էին գյուղի վարչական տարածքում, որտեղ նաեւ ճանապարհ կա, այդ հատվածը լայն է, այդ պատճառով էլ այդտեղ էին քննարկումն անցկացնում»,- ասաց Վահրամ Գեւորգյանը։

Նա հայտնեց, որ Կառավարությունից տեղեկացրել են՝ օրենքի սահմաններում լուծում կտան այդ հարցին։

Գեւորգյանն ասաց, որ քննարկումն արդեն ավարտվել է. «Հուսով ենք, որ Կառավարությունը ժողովրդի ընտրությունը հաշվի կառնի ու լավ լուծում կտա»։

Նշենք, որ Ծովագյուղ եւ Սեմյոնովկա համայնքների բնակիչները, դեմ լինելով խոշորացմանը, դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել։