Հարավային Կորեայի իշխանությունները ապասառեցնել են իրանական միջոցների մի փոքր մասը՝ ՄԱԿ-ին Թեհրանի պարտքը վճարելու համար, իսկ ակտիվների հիմնական մասն արգելափակված  է մնում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Ցավոք, Հարավային Կորեայի պարտքն Իրանին դեռ վճարված չէ, եւ բանակցային գործընթացը շատ դանդաղ է ընթանում,- նրա խոսքերը մեջբերում է IRNA-ն։- Կորեայում մեր միջոցների միայն չնչին մասն է ուղղվել ՄԱԿ՝ Իրանին ձայնի իրավունքը վերադարձնելու համար»:

Կիրակի Bloomberg-ը հայտնել էր, որ Հարավային Կորեան մարել է Իրանի 18 միլիոն դոլարի պարտքը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի խնդրանքով արգելափակված իրանական ակտիվներից: Վճարումը կատարվել է ուրբաթ օրը՝ ամերիկյան կողմի միջնորդությամբ։ Արդյունքում Թեհրանին վերադարձվեց ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Հունվարի 12-ին Վենեսուելայի, Իրանի, Սուդանի եւ մի շարք այլ երկրների պատվիրակությունները ժամանակավորապես զրկվել էին ձայնի իրավունքից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ ավանդների պարտքերի պատճառով։ Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդին ուղղված նամակի տեքստում նշվում էր պարտքեր ունեցող 11 պետություն: