Նախագահի հրաժարականի անանկնկալ լինել-չլինելը էական չէ, քանի որ հանրապետության նախագահն ինքն է որոշում իր պաշտոնավարումը շարունակել, թե թողնել: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Առնվազն ինձ համար տարօրինակ են բերված փաստարկները նախագահի սահմանադրական լիազորությունների մասով, որովհետեւ 2015-ին փոփոխված Սահմանադրությամբ երկրի նախագահը լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է: Դա հայտնի էր թե նախագահ ընտրվելուց, թե վերջին 4 տարիներին: Շատ տարօրինակ է, որ դա բերվում է որպես ոչ էֆեկտիվության կամ ինչ-որ փոփոխություններ անելու խոչընդոտ:

Գիտենք, որ խորհրարանական կառավարմամբ շատ երկրներում հանրապետության նախագահները հիմնականում կամ արարողակարգային, կամ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու ֆունկցիաներ ունեն, ոչ ավելին:

Նույնիսկ կառավարության անդամների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումները, որ տեղի են ունենում նախագահի հրամանագրով, դրանք կրկին ավելի շատ արարողակարգային են, քան որոշում  կայացնելու իմաստով: Այսինքն նախագահը չի որոշում՝ ով լինի նախարար, փոխվարչապետ կամ վարչապետ: Նույնը վերաբերում է արտաքին քաղաքականությանը: Դա Սահմանադրությամբ վերպահված է կառավարությանը եւ նրա ղեկավարին»,-հայտարարեց նա:

Արսեն Թորոսյանը, այդուհանդերձ, նշեց, որ հարգում է Արմեն Սարգսյանի որոշումը. «Անձամբ առիթ եմ ունեցել իր հետ աշխատել որպես նախարար, վարչպետի աշխատակազմի ղեկավար, բազմիցս խոսել իր հետ այդ թվում այս հարցի շուրջ: Կարող եմ կիսել կամ չկիսել իր տեսակետը, բայց որոշումն իրենն է»:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե նախագահը չունի սահմանադրական անհրաժեշտ լիազորություններ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ազդելու, ճգնաժամը կանխելու համար ննախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք, Արսեն Թորոսյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ որեւէ աշխարհաքաղաքական կոնտեքստ կա այս ամենի մեջ: Ինչ վերաբերում է չկարողանալուն, ես էլ շատ բան չեմ կարողանում անել որպես ԱԺ պատգամավոր, որովհետեւ պատգամավորն էլ իր լիազորությունների շրջանակն ունի: Երբ ես որոշեցի, որ մնում եմ ԱԺ-ում, ես գիտեի այդ լիազորությունների շրջանակը: Շատ տարօրինակ է զայրանալ, զարմանալ կամ նեղանալ, որ ինչ-որ բան չես կարող անել, երբ ի սկզբանե գիտեիր, որ չես կարող անել:

Ինչ վերաբերում է նախագահի գործունեության արդյունավետությանը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մեր այս անցումային փուլում, որովհետեւ Արմեն Սարգսյանն առաջին նախագահն է, որ ընտրվել է նոր Սահմանադրությամբ: Իհարկե, եղել են թեթեւ ճգնաժամային իրավիճակներ, կարող եմ բերել 1,5 տարի առաջ գլխավոր շտաբի պետի ազատման շուրջ ճգնաժամը, երբ նախագահը չստորագրեց ազատման հրամանագրերը, այլ դրանք ուղարկեց ՍԴ: Հետո ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց այդ օրենքի հոդվածները, որոնց հղում կատարելով ունեինք թեթեւ ճգնաժամ: Թեւթեւ ասելով նկատի ունեմ ստորագրել-չստորագրելը, ոչ թե երկրում եղած ներքաղաքական կամ արտաքին քաղաքական մարտահրավերները: Ըսկ ընդհանուր արդյունավետությունը պետք է հանրությունը տա»: