Իրանական կողմը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շուրջ համաձայնության գալը, սակայն այդ հարցը միջուկային գործարքից առանձին պետք է քննարկվի։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում [բանտերում] գտնվող Իրանի քաղաքացիների իրավիճակին, մենք առաջին իսկ օրվանից հայտնել ենք մեր մտահոգությունն այս հարցի վերաբերյալ։ Այս թեման մնում է մեր օրակարգում, սակայն, բնական է, որ դրանք տարբեր հարցեր են (խոսքը բանտարկյալների փոխանակման ու միջուկային գործարքին վերադառնալու մասին է)»,- ասել է նա։ Դիվանագետը հավելել է, որ եթե հակառակ կողմը ցանկություն դրսեւորի, ապա երկու հարցերի շուրջ էլ հնարավոր է շուտափույթ համաձայնության գալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Իրանի հարցով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնը դժվար թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքի շուրջ, եթե իրանական կողմը չազատի ԱՄՆ չորս քաղաքացիներին։ Ըստ ամերիկացիների՝ Իսլամական Հանրապետությունը պատանդ է պահում այդ մարդկանց։