Եվրամիությունը պատրաստ է «նախկինում չտեսնված» տնտեսական պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ՝ «Ուկրաինայի վրա հարձակման» դեպքում, հայտնել է Դանիան, իսկ ԵՄ արտգործնախարարները հայտարարել են, որ համատեղ նախազգուշացում կուղարկեն Մոսկվա, հայտնում է Reuters-ը։

«Իմանալով Ռուսաստանի մարտավարությունը՝ ես վստահ եմ, որ նրանց նպատակներից մեկն Արեւմուտքը պառակտելն է»,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։ «Սա հաղթանակ է, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ հանձնել ռուսներին».

Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը լրագրողներին ասել է, թե «որեւէ կասկած չկա, որ մենք պատրաստ ենք արձագանքել համապարփակ, մինչ այժմ չտեսնված պատժամիջոցներով, եթե Ռուսաստանը կրկին ներխուժի Ուկրաինա»: Նա հրաժարվել է նշել, թե որ ոլորտները կհայտնվեն պատժամիջոցների թիրախում:

«Ռուսաստանը պետք է իմանա, Պուտինը պետք է իմանա, որ Եվրոպայում սահմանները փոխելու համար սադրանքների եւ ռազմական ուժի կիրառման գինը շատ-շատ բարձր է լինելու...»,- ասել է նա։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրոպային եւ ԱՄՆ-ին կոչ է արել լավ մտածել պատժամիջոցները քննարկելիս։ Հարցին, թե արդյոք Ռուսաստանին պետք է կտրել SWIFT գլոբալ համակարգից, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն ասել է, որ «ամենածանր փայտը» միշտ չէ, որ կարող է լավագույն միջոցը լինել նման իրավիճակում:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն ասել է, որ ամեն ինչ որոշված է, բայց նաեւ մատնանշել է Ավստրիայի կախվածությունը Ռուսաստանից՝ նրա գազի 40%-մատակարարումների առումով։

Պատասխանելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին, նա ասել է, որ պատժամիջոցների կիրառումը մի բանի հանդեպ, ինչը դեռ չի աշխատում, իրական սպառնալիք չէ։

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմիանա ԵՄ առցանց հանդիպմանը։

«Մենք այստեղ ենք, որպեսզի հնարավոր ամեն ինչ անենք, որ պատերազմ չսկսվի»,- ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը:

Առայժմ ԵՄ-ն չի պատրաստվում Ուկրաինայից հետ կանչել դիվանագետների ընտանիքներին, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն այն բանից հետո, երբ Վաշինգտոննը հայտարարել է նման քայլի մասին։

Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտարարել է, որ աշխատակիցների մի մասին դուրս են բերում Կիեւից։