Հունաստանում, ներառյալ մայրաքաղաք Աթենքում եւ Էգեյան ծովի բազմաթիվ կղզիներում, առատ ձյուն է տեղացել, հայտնում է AP-ն։

Իշխանությունները կոչ են արել հանրությանը սահմանափակել բացօթյա տեղաշարժերը, իսկ շատ շրջաններում դպրոցները փակվել են: Կառավարության ներկայացուցիչ Յանիս Օյկոնոմուն ասել է, որ ամբողջ երկրում ավելի քան 46 000 դպրոցական պարապմունքներ առցանց են անցկացվում:

Երկուշաբթի առավոտյան իշխանությունները արտակարգ ծանուցումներ են ուղարկել Աթենքի բջջային հեռախոսներին՝ նախազգուշացնելով առաջիկա մի քանի ժամվա ընթացքում առատ ձյան մասին եւ կոչ անելով մարդկանց խուսափել անհարկի ուղեւորություններից:

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ առատ ձյան պատճառով երկուշաբթի ժամը 15:00-ից կփակվեն եւ երեքշաբթի օրը փակ կմնան Ատտիկա շրջանում եւ հարեւան Էվիա կղզում COVID-19-ի դեմ պատվաստման կենտրոնները։