Հունվարի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։ Այս թեկնածությունը պաշտպանել է նաեւ ընդդիմադիր դաշինքի «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունը։

Հակոբյանի կենսագրությունը ներկայացրել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր դաշինքն արդեն հանդես էր եկել համապատասխան առաջարկով, սակայն Մանվել Բադալյանի այն ժամանակ ներկայացված թեկնածությունը բացասական եզրակացություն էր ստացել խորհրդարանական հանձնաժողովի կողմից։ Բադալյանի թեկնածությանը դեմ էին արտահայտվել «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավորները։