Երևանի քաղաքապետարանում այսօր՝ հունվարի 24-ին,  հրավիրված աշխատանքային խորհրդակցությունն առաջին անգամ հեռարձակվել է առցանց՝ քաղաքապետարանի պաշտոնական բոլոր հարթակներով: Խորհրդակցությունը վարող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է, որպեսզի երևանցիներն առավել տեղեկացված լինեն մայրաքաղաքում առկա խնդիրներին ու դրանք լուծելու քայլերի հաջորդականությանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետն անդրադարձել է աշխատակազմի կարգապահությանն ու ընդգծել, որ բոլորի համար աշխատանքային օրը պետք է սկսվի ժամը 09:00-ից։

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով Երևանի քաղաքապետարանում կներդրվի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է, «Էլփաս» ծրագրի անխափան աշխատանքին զուգահեռ, հետևողական քայլեր ձեռնարկել՝ նոր համակարգն արագորեն ներդնելու նպատակով:

«Մենք պետք է գործիքներ ունենանք, որպեսզի քաղաքապետարանը կարողանա պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Եթե մենք մեզ մոտ չունենանք լավ գործիքներ, չենք կարող որակյալ ծառայություններ մատուցել: Քաղաքապետարանն այսօր աշխատում է «Էլփաս» համակարգով, որն անգամ արդիականացնելու արդյունքում չի կարող արդյունավետ գործիք դառնալ, և ես որոշում եմ կայացրել, որ Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի էլեկտրոնային «Mulberry» համակարգով: Այս կերպ մենք կկարողանանք պատշաճ վերահսկողություն ապահովել փաստաթղթաշրջանառության նկատմամբ, ինչն, իմ գնահատմամբ, այսօր գտնվում է վատթարագույն վիճակում: Այսօրվա համակարգը հնարավորություն չի տալիս վերահսկողություն իրականացնել անգամ մեր աշխատակիցների կատարած աշխատանքի նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետը: