ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչեւ իր հրաժարականի դիմում ներկայացնելը կարճատեւ արձակուրդում էր գտնվում, որի ընթացքում էլ բուժզննում էր անցնում արտերկրում։

NEWS.am-ը Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ արտերկրում բուժման կուրսերի շնորհիվ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդության պատմությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է. «Ըստ անհրաժեշտության, նրանց ցուցումով նախագահ Սարգսյանը պարբերաբար մասնագիտացված բժշկական հետազոտություն է անցնում»։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը թեեւ չի նշում՝ որտեղի՞ց է նախագահը հրաժարականը ներկայացրել, սակայն պատասխանից պարզ է դառնում, որ նա հրաժարականը գրել է արտերկրից։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից 1997 թվականի փետրվար ամսին նույնպես հրաժարականը ներկայացրել էր արտերկից։