Ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21 և 27 տարեկան երկու բնակիչ Նոր Երզնկա համայնքում գողություններ են անում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ հանցամիտներն իրենց հետագիծը քողարկելու նպատակով տարբեր անձանցից վարձակալած մեքենաներով էին գնում վճարային տերմինալներից գողություն անելու։

Փաստական տվյաներ ձեռք բերելու նպատակով իրավապահները հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին։

Հունվարի 19-ին ոստիկանության Նաիրիի և Աշտարակի բաժինների ծառայողների փոխգործակցության արդյունքում կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին։

27-ամյա տղամարդը խոստովանել է, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին Նոր Երզնկա համայնքում երկու խանութի վճարային տերմինալից փող է գողացել, խանութներից մեկից՝ տարբեր ապրանքներ։ Աշտարակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով էլ պարզվեց, որ նույն եղանակով վճարային տերմինալ է գողացել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում, իսկ Աշտարակի Մուղնի թաղամասում փորձել է մի խանութից վճարային տերմինալ գողանալ, բայց գործն ավարտին հասցնել չէր հաջողվել։

Բերման ենթարկված տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզի քննչական վարչություն։

Կատարվում է նախաքննություն։