Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել թուլացնել Ուկրաինայի շուրջ լարվածությունը։ ԵՄ 27 արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ դաշինքը «դատապարտում է Ռուսաստանի շարունակական ագրեսիվ գործողություններն ու սպառնալիքները Ուկրաինայի դեմ եւ Ռուսաստանին դեէսկալացիայի կոչ է անում»։

ԵՄ խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ ««ազդեցության գոտի» հասկացությունը տեղ չունի 21-րդ դարում… Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա կհանգեցնի հսկայական հետեւանքների եւ մեծ ծախսերի»։

«ԵՄ-ն հաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի եւ Արեւելյան հարեւանության մյուս գործընկերների անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ կոչ է անում Ռուսաստանին կրկին կառուցողականորեն մասնակցել հակամարտությունների կայուն եւ խաղաղ կարգավորմանը՝ գոյություն ունեցող միջազգային շրջանակներում։

Խորհուրդը հաստատում է ԵՄ միասնական մոտեցումը եւ շարունակական սերտ համագործակցությունն ու համակարգումը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի եւ այլ գործընկեր երկրների հետ»: