Ձյան առատ տեղումների պատճառով ժամանակավորապես դադարեցվել են դեպի Ստամբուլի օդանավակայան եւ այնտեղից բոլոր չվերթները, մինչդեռ Թուրքիայի շատ այլ շրջաններում ուղեւորությունների դժվարություններ են ծագել անբարենպաստ եղանակի պատճառով, գրում է Sabah-ը։

Ստամբուլի օդանավակայանում, որն անցյալ տարի ամենածանրաբեռնվածն է եղել Եվրոպայում, թռիչքները դադարեցվել են մինչեւ երեկոյան ժամը 18։00-ն։ Պաշտոնյաները հայտնել են, որ գիշերը սպասվում են հետաձգումներ, իսկ Turkish Airlines (THY)ազգային ավիաընկերությունը մինչեւ երեքշաբթի առավոտ նույնպես դադարեցրել է բոլոր թռիչքները։

Թուրքիայի շատ շրջաններում հանգստյան օրերից առատ ձյուն է տեղացել, ինչի պատճառով իշխանությունները փակել են դպրոցները երկրի որոշ հատվածներում: Թուրքիայի տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ եղանակի պատճառով հազարավոր մարդիկ ծանր վիճակում են հայտնվել։

Turkish Airlines-ը մինչեւ երեքշաբթի առավոտյան ժամը 4-ը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Ստամբուլի օդանավակայան եւ այնտեղից, Twitter-ում հայտնել է ավիաընկերության ԶԼՄ-ների հետ կապերի գծով փոխնախագահ Յահյա Յուստյունը։

Յուստյունը նաեւ հայտնել է, որ ձյան զանգվածների եւ փոթորկի պատճառով փլուզվել է Ստամբուլի օդանավակայանում Turkish Cargo-ն սպասարկող օբյեկտի տանիքը։

Ընկերությունը նախկինում չեղարկել էր դեպի Ստամբուլի օդանավակայան ու այնտեղից 36 չվերթ եւ 31 չվերթ՝ դեպի «Սաբիհա Գյոքչեն»՝ քաղաքի երկրորդ օդանավակայան։ Բյուջետային Pegasus ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկել է «Սաբիհա Գյոքչեն» ժամանող եւ այնտեղից մեկնող գրեթե 50 չվերթ: