Եվրոպան 5G ցանցերի տեղակայմամբ հետ է մնում Հյուսիսային Ամերիկայից եւ Ասիայից, եւ ԵՄ-ն պետք է ուժեղացնի իր ռազմավարությունը՝ ազգային անվտանգության հետ կապված ռիսկերին հակազդելու համար: Այս մասին ասվում է Եվրոպական Հաշվիչ պալատի (ECA) ուսումնասիրության մեջ։

«Անդամ երկրներում 5G ցանցերի ներդրման զգալի ուշացումներ կան, եւ անհրաժեշտ են հետագա ջանքեր՝ 5G-ի ներդրման անվտանգության հետ կապված մտահոգությունները լուծելու համար»,- ասվում է ECA-ի 69 էջանոց գնահատականի մեջ:

ԱՄՆ-ում 5G հեռահաղորդակցական ծառայությունների գործարկումը ավիաընկերություններին դրդել է բողոքել օդանավերի նավիգացիոն գործիքների հնարավոր խափանումներից եւ օդային ճանապարհորդությունների խափանումներից:

Աշխարհը շտապում է 5G ենթակառուցվածք տեղադրել՝ շնորհիվ տվյալների ավելի մեծ հզորության եւ փոխանցման արագությունների, որոնք խոստանում են վերափոխել ամեն ինչ՝ մեքենա վարելուց եւ անասնապահությունից մինչեւ սպորտային հեռարձակում եւ ապրանքների արտադրություն:

Ըստ ECA-ի՝ այս բարձր տնտեսական խաղադրույքների մրցավազքում ԵՄ երկրները շատ դանդաղ են առաջ շարժվում՝ 5G ծառայությունների համար ռադիոհաճախականության սպեկտր հատկացնելու անկարողության պատճառով:

Նշվում է, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը չի կարող հասնել 2025 թվականի համար սահմանված ընդհանուր տեղակայման նպատակին, երբ նրանք պետք է ապահովեն անխափան 5G ծածկույթ՝ քաղաքային բնակավայրերում եւ հիմնական տրանսպորտային երթուղիներում:

Տասնամյակի կեսերին Եվրոպայում բոլոր բջջային կապերի միայն 35%-ն է հիմնված 5G-ի վրա՝ համեմատած Հյուսիսային Ամերիկայի 51%-ի եւ Ավստրալիայի, Ճապոնիայի, Սինգապուրի ուՀարավային Կորեայի 53%-ի հետ: Չինաստանի, Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի համար 2025 թվականի կանխատեսման ցուցանիշը 48% է։

Արդյունքում ԵՄ երկրների մեծ մասը մինչեւ 2030 թվականը կարող է նաեւ չհասնել ավելի հավակնոտ համատեղ նպատակին՝ 5G ծառայությունները հասանելի դարձնել բնակչության բոլոր շերտերին:

ԵՄ-ի համար բաց թողնված տնտեսական օգուտները կարող են մեծ լինել: Ակնկալվում է, որ 5G-ն կխթանի տվյալների սպառման էքսպոնենտալ աճը բլոկում, որտեղ ծառայությունները կազմում են համախառն ներքին արդյունքի մոտ 70%-ը:

Վկայակոչելով առանձին տեխնոլոգիական արդյունաբերության ուսումնասիրությունը՝ ECA-ն նշել է, որ 5G-ն կարող է մինչեւ 1 տրիլիոն եվրո ավելացնել եվրոպական տնտեսությանը եւ 2 միլիոն աշխատատեղ ստեղծել կամ փոխակերպել 2021-2025 թվականներին:

Բայց նման տնտեսական օգուտները շատ ավելի ծախսեր են պահանջում 5G-ի համար, որի մինչեւ 2025 թվականը տեղակայումը ԵՄ-ում մոտ 400 միլիարդ եվրո կարող է արժենալ: Այդ միջոցները պետք է ստացվեն առաջին հերթին բջջային կապի օպերատորներից: