Ես ուզում եմ չկրկնել իմ սխալը եւ շատերի սխալը, որ բանակին վերաբերող հարցերն ուղիղ եթերում քննարկում ենք. ես կարծում եմ, որ կառավարությունն իր ծրագրում հստակ արձանագրել է իր ռազմավարությունը, թե ինչ նպատակ ու խնդիր ենք դնում մեր բանակի բարեփոխման առաջ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակի բարեփոխումները սկսվել են, եւ որն է ռազմավարությունը՝ ռուսական բանակի նմանությա՞մբ, թե՞ հաշվի կառնվեն ԶՈՒ ժամանակակից, արեւմտյան միտումները:

«Առաջինը, պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի: Դա նույնը չէ, ինչ պայմանագրային ծառայողներով համալրված բանակ: Մենք Զինվծ ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու, այլ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելն է մե բանակի խնդիրը: Նաեւ ուզում եմ արձանագրել, որ մենք մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարեւոր է, որ մեր խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ թեթեւացնել, ոչ թե ծանրացնել մեր բանակի բեռը:

Իհարկե, պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող, մարտունակ բնակ, բայց այդ բանակը ոչ թե լինելու է ՀՀ ագրեսիվ քաղաքականության արտահայտիչ, այլ տարածաշրջանի եւ Հայաստանի համար խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի արտահայտիչ»,-հայտարարեց Փաշինյանը: