Ցանկացած գումար ցանկացած նպատակով ծախսելու դեպքում կարելի է հարց տալ՝ իսկ չարժե՞ր այդ գումարն այլ նպատակով ծախսել, պետական բյուջեում հազարավոր տեղոր կան, որոնք բոլորն էլ կարեւոր են: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Քրիստոսի արձանը կառուցելու մտադրության մասին, եւ արդյոք ճիշտ չէր լինի այդ գումարն այլ նպատակով ծախսել:

Նրա խոսքով, Ծառուկյանի հայտարարությանը հետեւած բանավեճը կարեւոր տարբեր շերտեր բացեց. «Օրինակ, ՀՀ-ում տեղադրվում են ինչ-որ արձաններ, հուշարձաններ, քարեր ճանապարհի եզրերին, նոր միտում է հայտնվել, անընդհատ խաչեր են հայտնվում: Ընդ որում դրանք տեղադրվում են այնպես, որ իմ որպես քրիստոնյայի, զգացմունքները վիրավորում են: Ով որտեղ հասնում է, երկու երկաթ են գտնում կամ պլաստմաս, իրար են կպցնում ու տանում ինչ-որ տեղ խաչ են տեղադրում: Կամ մայրուղիներին ինչ-որ քարեր են ի հայտ գալիս: Սա պետական ինստիտուտների չկայացվածության մասին է խոսում»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ օրինակ, գերեզմանների վրա մահարձանների կառուցումը կարգավորող կոնկրետ իրավական ակտեր չկան. «Սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ, այո, նաեւ մեր երեխաներն են գերեզմաններ այցելում: Ես համոզված եմ, որ անցնելով տարբեր գերեզմանաշարքերի միջով, երեխաները տեսնում են մի շատ մեծ արձան ու հարցնում են՝ ո՞վ է ինքը: Եթ հարցի պատասխանը հետեւյալն է, որ նա ականավոր գիտնական է, կամ պետական գործիչ, կամ հերոս, դա ուրիշ բան է, իսկ երբ պատասխանում է, որ ինքը հայտնի ռեկետյոր է կամ նարկոտիկի առեւտրով է զբաղվել, դա այլ իրավիճակ է: Սա հետագայում ազդեցություն է ունենում մեր հանրային կյանքի վրա: Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան դրված, ոչ մեկը դա չի նկատել: Բայց  հենց Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան:

Կան շրջանակներ, որոնց թվում է, որ Հիսուս Քրիստոս անունն օգտագործելու սեփականության, կադաստրով հաստատված վկայական ունեն: Ոչ մեկը Հիսուս Քրիստոսի մասին չխոսի, որովհետեւ մենք ենք լիազորված, տեղեկանք էլ ունենք:

Հիմա կառավարությունում մշակվում է որոշակի իրավական կարգավորում, որ ընդհուպ մահարձանների չափերը եւ այլն պետք է ՏԻՄ թույլտվությամբ տեղի ունենա: Որովհետեւ եթե գիտնականի մահարձանն այնքան անշուք է, որ ոչ մեկը չի նկատում, իսկ ասենք հանցագործի մահարձանը գերեզմանում այնքան մեծ է, որ հազարավոր երեխաներ տեսնում են, որ ամենամեծ արձանը մարդասպանի արձանն է, դա հետո հասկանո՞ւմ ենք, թե դա ինչ ազդեցություն է ունենում հանրային հարաբերությունների վրա»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ լավ է, որ եթե Գագիկ Ծառուկյանի մտքով նման բան է անցել, նա դա ներկայացնում է հանրությանը. «Օրինակ, ոչ մեկը չի հարցնում, չի ասում՝ հարգելի բնակիչներ, ես ուզում եմ էսինչ հանցագործի համար 5 մետրանոց մահարձան դնել, դուք ինչ կարծիքի եք: Իսկ Հիսուս Քրիստոսի արձանը լինի, թե չլինի, որոշում է պետությունը: Կա օրենք, կա կարգ, կան կառավարության որոծումներ, եւ երբ այդ նախագիծը կներկայացվի քննարկման, պետությունը սահմանված կարգով որուշում կկայացվի»: