Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ երկու կուսակցություններից ութ սենատորներ երկուշաբթի օրը հանդիպել են՝ քննարկելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը, որն ուղղված է աջակցելու ԱՄՆ-ի ջանքերին՝ Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելուց զսպելու համար:

Չորս դեմոկրատների եւ չորս հանրապետականների միջեւ բանակցությունները վերաբերել են դեմոկրատ սենատորի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի առաջարկած օրինագծին՝ «բոլոր պատժամիջոցների մայրը»: Օրինագիծը ներառում է մի շարք խիստ ֆինանսական պատժամիջոցներ, որոնք ուժի մեջ կմտնեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ 

Politico-ն նշում է, որ հանրապետականները ցանկանում են, որ որոշ քայլեր ձեռնարկվեն նախքան ներխուժումը։ Հանրապետականների դիմադրությունը Մենենդեսի օրինագծի ներկա տարբերակին, ըստ Politico-ի, ստիպել է նրան վերանայել տեքստը, որպեսզի կարողանա ստանալ տասը հանրապետականների աջակցությունը, որոնք անհրաժեշտ են Կոնգրեսի վերին պալատում արգելափակումը հաղթահարելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Մենենդեսի ակտում փոփոխությունները ներառում են Ուկրաինային անվտանգությանն ավելի մեծ օգնություն տրամադրելը եւ ռուսական քարոզչությանը հակազդելը, ինչպես նաեւ նախագահ Բայդենին անհապաղ պատժամիջոցներ կիրառելու լիազորություն: Թարմացված օրինագիծը, ըստ Politico-ի, նախագահին հնարավորություն կտա նաեւ չեղարկել պատժամիջոցները։