Երեքշաբթի էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ են սկսվել Ղազախստանի ամենամեծ՝ Ալմաթի քաղաքում եւ Ալմաթիի մարզում։ Այս մասին տեղեկացնում է zakon.kz լրատվական պորտալը։

«Ալմաթիում եւ Ալմաթիի մարզում կան էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ։ Ղազախստանցիները սոցցանցերում գրում են, որ առանց լույսի են մնացել նաեւ երկրի հարավային շրջանները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ալմաթիի քաղաքապետարանի տվյալներով՝ անջատումը տեղի է ունեցել «Կեգոկ» էլեկտրացանցերի կառավարման ղազախական ընկերության գծով։ «Ցանցում ընկել է լարվածությունը, միացել են «Ալաթաու ժարիկ կոմպանիյասը» ԲԸ (տարածաշրջանային էլեկտրահաղորդիչ ընկերություն) ենթակայանների ավտոմատ հաճախական լիցքաթափումների համակարգերը։ Սկսվել են դրանք նորից միացնելու աշխատանքները»,- պարզաբանել են քաղաքի իշխանությունները։

Ղրղզստանում ՏԱՍՍ-ի թղթակիցն, իր հերթին, տեղեկացնում է, որ Բիշքեկի մեծ մասը հոսանքազրկվել է, էլեկտրականություն չունի նաեւ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Օշը, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքներ։ Բիշքեկում անջատվել է ջեռուցումը, որոշ շրջաններում ջուր չկա։

Մայրաքաղաքում չի աշխատում շատ օգտատերերի բջջային ինտերնետը։ Ինչպես հաղորդում է թղթակիցը, մայրաքաղաքի ՋԷԿ խողովակից սովորական ծուխը չի երեւում։ Պետական մարմիններն առայժմ չեն պարզաբանել տեղի ունեցածի պատճառները։

Սոցցանցերում գրում են, որ էլեկտրականություն չկա նաեւ Օշում, ինչպես նաեւ Նառին մարզկենտրոնում եւ Չույսկի մարզի մի քանի բնակավայրերում։

Բիշքեկում չեն աշխատում բանկոմատները, խանութների անկանխիկ վճարման տերմինալները։ Ինտերնետի բացակայության պատճառով բանկերը գործառնություններ չեն կատարում։

Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը նույնպես տեղեկացրել է երկրի մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի անջատման մասին։

«Այսօր, հունվարի 25-ին, ժամը 11.00-ին երկրի որոշ շրջաններում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում։ Այժմ մասնագետներն աշխատում են անսարքությունը վերացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, երկրի մի մասը հոսանքազրկվել է Ղազախստանում եւ Ղրղզստանում էլեկտրականության անջատման պատճառով, քանի որ երեք երկրները միացած են միասնական էլեկտրացանցին։