Արցախում 2021-ի դեկտեմբերին շարունակվել է նախորդ երեք ամիսներին արձանագրված գնաճի միտումը:  Ընդ որում, դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 1,5 տոկոսով: Նախորդ տարվա սպառողական գների ինդեքսի միջին ամսական գնաճը կազմել է 0,6 տոկոս:

Արցախի ՎՊԽ անդամ Սուսաննա Հարությունյանի խոսքով, դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Արցախի քաղաքներում գներն աճել են 1,1-1,6 տոկոսով: Այդ ժամանակահատվածում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը աճել են 3,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0,4 տոկոսով, իսկ ծառայությունների գները՝ 0,3 տոկոսով:

Բարձր գնաճ է գրանցվել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում: 2021-ին միջին տարեկան գներով հաշվարկված նվազագույն պառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 64 հազար դրամ, ինչը գերազանցում է 2020-ի ցուցանիշը 7,3 տոկոսով:

Մասնավորապես, բուսական յուղի գինն աճել է 63,3 տոկոսով, շաքարավազը՝ 36,6 տոկոսով, ձուն՝ 32,6 տոկոսով, բանջարեղենը՝ 26,9 տոկոսով, ալյուրը՝ 20,1 տոկոսով, մակարոնեղենը՝ 14,8 տոկոսով, բրինձը՝ 14,3 տոկոսով, կաթը՝ 12,3 տոկոսով, կարտոֆիլը՝ 11,9 տոկոսով եւ պանիրը՝ 10,4 տոկոսով: