Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առայժմ չի սկսել նոր նախագահի թեկնածության քննարկումը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հունվարի 25-ին ասաց կառավարող մեծամասնության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ գործող օրենսդրությամբ Արմեն Սարգսյանը հանրապետության նախագահ է մնում մինչեւ որոշակի ժամկետի ավարտը։ Այդ ընթացքում նա կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը, ինչի համար 5-6 օր ունի։ «Այնպես որ, այս իրավիճակում մենք ժամանակավրեպ ենք համարում նման հարցի քննարկումը, քանի որ գոնե տեսականորեն օրենքը դիմումը հետ վերցնելու հնարավորություն է թողնում։ Մենք այդ հարցը կքննարկենք այն ժամանակ, երբ պաշտոնը թափուր մնա»,- պարզաբանեց Պապոյանը։