Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց առնվազն մեկ շաբաթով։

Նիստի սկզբին ակնհայտ դարձավ երկու մեղադրյալների բացակայությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հակ Ալումյանը դատարանին տեղեկացրեց, որ Քոչարյանների ընտանիքում կա կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Նախկին նախագահը թեստ է հանձնել, պատասխանն սպասվում է ժամը 5-ին։ Փաստաբանը դատարանին է ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը։

Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը կարդաց պաշտպանյալի դիմումը։ Գեւորգյանը տեղեկացրել է, որ, ինչպես իրեն խորհուրդ էր տվել դատավորը անցած նիստում, հեռակա մասնակցում է ԵԽԽՎ հանձնաժողովի եւ լիագումար նիստերին։

Մեղադրյալների բացակայության պատճառով դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց փետրվարի 1-ին։ Բայց դա եւս կարող է տեղափոխվել՝ Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքներից կախված։