Երբ երեկ խոսում էր երկրի վարչապետը եւ Հայաստանի բրենդը ներկայացնում ժողովրդավարությունը, անկեղծ ասած, դժվար էր զսպել և թեկուզ մենակ տան մեջ չբղավել, որ սա անհնար է, ինչպե՞ս խոսել ժողովրդավարությունից մի երկրում, որտեղ ամեն վայրկյան մենք բախվում ենք բռնության, մարդու իրավունքների կաշկանդումների, ատելության խոսքի, իրականության չգիտակցմանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մարդը ոչ մի բան է դարձել, մարդը արժեք չունի այս երկրում և այդ տրորումը հաճախ կատարվում է լրատվամիջոցների կողմից»,-ասաց նա:

Լիլիթ Գալստյանը հայտըարարեց, որ մայիսից Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկված, 42 կմ ադրբեջանական բանակը մտել է Հայաստան. «Այս իրականությունն ի՞նչ անուն ունի, եթե ոչ կապիտուլյացիա... Էս խարդավանքներին, մանիպուլյացիաներին եկեք վերջ տանք, մանավանդ սա մի հանձնաժողով է, որն առնչվում է հոգեւոր անվտանգության բոլոր շերտերի հետ»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց. «Հասարակությունը արգահատանքով է վերաբերվում Ազգային ժողովին եւ մենք բոլորս միասին նսեմացնում ենք այս ինստիտուտը: Երկիրը կործանվում է, դրա մասին եկեք մտածենք»: