Լոնդոնի հյուսիս-արեւելքում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ, գրել է քաղաքի շտապօգնության ծառայությունը Twitter-ում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 8:20-ի սահմաններում Սելվին-ավենյուում։ Դեպքի վայրից հրապարակված լուսանկարներում երեւում է, որ մեքենան բախվել է բազմաբնակարան շենքի առաջին հարկում գտնվող խանութին։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։

Զոհերի մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ բժիշկներն արդեն առաջին օգնություն են ցուցաբերում վիրավորներին։

Վթարի հետեւանքով ավտոբուսի վարորդը սեղմվել է մեքենայի մասերի արանքում, հրշեջները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել նրան։

Այնուհետեւ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Այս պահին դեպքի վայրում են փրկարարներն ու ոստիկանները։ Առաջիններն արդեն համոզվել են, որ տուժածներից ոչ մեկին վտանգ չի սպառնում։