Facebook-ում գրառման տակ մեկնաբանություն արած քաղաքացի Հակոբ Արոյանը հրավիրվել է Ոստիկանության կենտրոնական բաժին:

Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո նա լրագրողներին հայտնեց. «Գրառում էի կատարել սոցիալական ցանցում, դրա համար հրավիրել ոստիկանության բաժին՝ որոշակի պարզաբանումների համար: Ավելի հանգամանալից հետագա գործողությունները ցույց կտան»:

Նա վստահեցրեց, որ շարունակելու է քննադատել իշխանություններին. «Եթե իշխանությունը թույլ է տալիս սխալ քայլեր, չեմ կարծում, որ ոստիկանություն հրավիրելով կփորձեն մտածել, որ քաղաքացիներին ճնշումների ենթարկելով կարգելեն նրանց իրենց մտահոգությունը արտահայտել: Այսօր մնացել է այդ սոցիալական հարթակը»:

Հակոբ Արոյանի փաստաբանն իր հերթին նշեց. «Գրառման վեաբերյալ նյութեր էին նախապատրաստվում, դրա հետ կապված ցանկանում էին պարզաբանում ստանալ: Տվյալ պահին որեւէ պարզաբանում չենք ներկայացրել ոստիկանությանը, հետագայում եթե անհրաժեշտ համարենք՝ կներկայացնենք: վերջին ամիսներին, ինչ «ծանր վիրավորանքը» քրեականացված է, կարծիքի արտահայտման սահմանափակումներ ակնհայտորեն կան: Բնականաբար, քաղաքացիները չեն կարողանում իրենց կարծիքը սոցցանցերում արտահայտել»: