Կովիդի եւ հետպատերազմյան իրավիճակում մենք 56 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ենք հիմնել, որից 52-ը Հայաստանում եւ Արցախում է եղել, 4-ը՝ Ջավախքում: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, կազմակերպության 2021թ-ի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։

«Այսինքն 2021-ի ավատին արդեն ունենք 618 հատ նման լաբորատորիա: Բացի այդ, 19 լաբորատորիա մենք վերազինել ենք: Ներկա պահին ինժեներական բոլոր լաբորատորիաներում ուսանում են 16 000 սաներ։ 2021թ-ին լաբորատորիաները 1624 շրջանավարտ են տվել, որոնք իրենց կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում»,-ասաց նա:

Քասսարջյանի ներկայացմամբ, 2021թ-ին «Արմաթ» լաբորատորիաներ են գործում նաև սփյուռքի համայնքներում՝ 2-ը` Հնդկաստանում, 1-ը` Բանգլադեշում։

«2022–ին մենք սպասում ենք, որ կտեղծվեն «Արմաթներ» Լիբանանում, Ուզբեկստանում և Վրաստանում։ Պայմանավորվածություններ կան նաև այլ երկրների հետ»,- ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելովմ Րաֆֆի Քասսարջյանին:

ԱՏՁՄ–ն Հայաստանում ՏՏ ոլորտի ամենախոշոր հասարակական կազմակերպությունն է, որում ներկայացված են հայաստանյան ՏՏ ոլորտի գրեթե բոլոր կազմակերպությունները։ Միությունը ներկայում 122 անդամ ունի, որոնցից 38-ը միության կազմում ընդգրկվել են 2021թ–ին։