Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, տեղի ունեցած ասուլիսում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Ստանձնելով ԱՏՁՄ-ի տնօրենի պաշտոնը, մեծ պատասխանատվությամբ իմ գործընկերների հետ միասին, նախատեսում իրականացնել բոլոր ծրագրերը։ Երկար տարիների Միությունն, ըստ էության, կատարել է երկրի բարձր տեխնոլոգիական ոլորտում առաջնորդի դերը՝ իր անդամներով, այլ ընկերություններով, որոնք մեծ դերակատարում ունեն վերջին տարիներին Հայաստանում ոլորտ զարգացման գործում», - ընդգծեց նա։

Հայկ Չոբանյանի խոսքով՝ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թվականից հետո՝ հատկապես պատերազմի արդյունքներից հետո։ Ըստ նրա՝ այսօր պետք է հավակնոտ ծրագրեր իրականացնել։

«Այսօր մեր ջանքերն ու ներգրավվածությունը, մեր երազանքները ավելի ուժեղ ու  հավակնոտ պետք է լինեն, քանի որ մենք գտնվում ենք այլ կարգավիճակում և անհնար է առանց բոլոր այն ծրագրերի վերագործարկման, որոնք մենք ունեցել ենք, առանց թռիչքի իրական հաջողություն գրանցել։ Ահա այս պատասխանատվությամբ եմ այսօր այս պաշտոնը ստանձնում և գտնում եմ, որ իմ գործընկերների հետ միասին մենք իրականացնելու ենք դա, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,- ասաց Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելովմ Րաֆֆի Քասսարջյանին:

ԱՏՁՄ–ն Հայաստանում ՏՏ ոլորտի ամենախոշոր հասարակական կազմակերպությունն է, որում ներկայացված են հայաստանյան ՏՏ ոլորտի գրեթե բոլոր կազմակերպությունները։ Միությունը ներկայում 122 անդամ ունի, որոնցից 38-ը միության կազմում ընդգրկվել են 2021թ–ին։