2021-ին բացվեց ԱԹՍ լաբորատորիա «Մոնթե Մելքոնյան» վարժարանում, իսկ 2022-ին պլանավորել ենք 9 նոր ԱԹՍ լաբորատորիաներ բացենք Հայաստանում եւ Արցախում: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 2021թ–ի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։

«Պատերազմից հետո մենք նշել էինք, որ պիտի վերսկսեինք «Բանակից ՏՏ» մեր ծրագիրը, որտեղ 138 մասնակից ունեցանք։ Նրանցից 85-ն արդեն ավարտել են ՏՏ ոլորտին հարակից կրթական ծրագրերը: Հիմնականում մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդները»,– ասաց Քասսարջյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելովմ Րաֆֆի Քասսարջյանին:

ԱՏՁՄ–ն Հայաստանում ՏՏ ոլորտի ամենախոշոր հասարակական կազմակերպությունն է, որում ներկայացված են հայաստանյան ՏՏ ոլորտի գրեթե բոլոր կազմակերպությունները։ Միությունը ներկայում 122 անդամ ունի, որոնցից 38-ը միության կազմում ընդգրկվել են 2021թ–ին։