Իսպանիայում ոստիկանությունը բացահայտել է հանցավոր խումբ, որը COVID-19 անձնագրեր եւ բացասական թեստեր է կեղծել, հաղորդում է AP-ը։

Հետաքննությունը պարզել է, որ ցանցը խաբեությամբ առնվազն 1600 մարդու է ավելացրել պատվաստումների ազգային ռեգիստրում։

Անցյալ տարի Եվրամիության երկրները համաձայնել են ստեղծել QR-կոդով ստանդարտացված COVID սերտիֆիկատ, որպեսզի պատվաստված եւ թեստավորված մարդիկ կարողանան ճանապարհորդել եւ մասնակցել միջոցառումներին: Սա կեղծման պահանջարկ է ստեղծել։

Մադրիդում ոստիկանությունը ձերբակալել է վեց մարդու, իսկ Բարսելոնայում՝ մեկին, սակայն նրանց մասին այլ տեղեկություն չի տրամադրել։

Նրանց մեղադրանք կառաջադրվի կեղծիքի եւ հանրային առողջության դեմ ուղղված հանցագործությունների համար։ 

Բանդան բաժանել է հաճախորդներին երկու խմբի՝ ելնելով եկամտից եւ գանձել  200 եվրո կամ 1000 եվրո՝ COVID-ի դեմ պատվաստման կեղծ վկայականի համար, որը պետք է ուղարկվեր վճարումից հետո երկու օրվա ընթացքում: Բացասական ՊՇՌ թեստն արժե 50 եվրո:

Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է խարդախությամբ գրանցված 1600 մարդու։