Իռլանդիայի ոստիկանությունը հետաքննում է հաղորդագրությունն այն մասին, որ մահացած տղամարդու մարմինը տարել են փոստային բաժանմունք եւ փորձել ստանալ նրա թոշակը։

The Irish Times-ը հաղորդում է, որ տղամարդու մարմինը, ով արտաքինից 60-ն անց է եղել, երկու երիտասարդներ քարշ են տվել Քարլոուում գտնվող փոստային բաժանմունք: Երբ աշխատակիցները փորձել են հարցեր տալ նրանց, վերջիններս փախել են՝ թողնելով տարեց տղամարդու մարմինը։

Իռլանդիայի ազգային Garda Siochana ոստիկանությունը չի քննարկել գործի մանրամասները, սակայն հայտարարել է, որ իրենց աշխատակիցները հետաքննում են «տարեց տղամարդու անբացատրելի մահվան» հանգամանքները: Գերատեսչությունից հայտնել են, որ տղամարդու մահվան պատճառները պարզելու համար դիահերձում կարվի:

Irish Times-ի տեղեկացմամբ, երիտասարդներից մեկը հարցրել է ինչ-որ մեկի թոշակ ստանալու մասին, եւ նրան ասել են, որ ստացողը պետք է ներկա լինի: Ընկերոջ օգնությամբ նա վերադարձել է հանգուցյալի դիակով, հայտնում է թերթը։