Ջորջիա նահանգի Ատլանտայի կենդանաբանական այգին հայտնել է, որ երեքշաբթի 61 տարեկան հասակում մահացել է Օզի անունով արու գորիլան՝ աշխարհի ամենածեր արու գորիլան։

«Ատլանտայի կենդանաբանական այգու ընտանիքը ցավով հայտնում է աշխարհի ամենատարեց արու գորիլայի՝ 61 տարեկան հասակում մահվան մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Օզին աշխարհի երրորդ ամենաերկարակյաց պրիմատն էր եւ Ատլանտայի կենդանաբանական այգու ամենածեր գորիլան։ Արեւմտյան հարթավայրային գորիլայի մահվան պատճառը դեռեւս պետք է պարզվի, սակայն Օզին վերջին տարիներին ախորժակի կորուստ եւ թուլություն էր զգում:
Արու Օզին 1980-ականներին Ատլանտայի կենդանաբանական այգի բերված առաջին գորիլաներից վերջինն էր: 2009 թվականին նա իր տեսակի մեջ առաջինն էր, ով սովորեց ինքնուրույն ստուգել իր արյան ճնշումը: Օզին երեք սերունդ է թողել:

Ըստ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ արեւմտյան հարթավայրային գորիլաների պոպուլյացիան վերջին 25 տարվա ընթացքում որսագողության եւ հիվանդությունների պատճառով նվազել է 60 տոկոսով: Նրանքհամեմատաբար դանդաղ են բազմանում, էգը հինգ տարին մեկ մեկ ձագ է ծնում։