Իրավապաշտպաններն Ալմաթիում ուժայիններից պահանջում են դադարեցնել բողոքներից հետո ձերբակալված մարդկանց կտտանքները. նրանց մեղադրում են զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ եւ կորզում են խոստովանական ցուցմունքներ։ Տասնյակ ձերբակալվածների հարազատները հայտարարել են իրենց մերձավորներին ծեծի ենթարկելու եւ նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքերի մասին, իսկ գլխավոր դատախազությունում հաստատել են, որ շատ կալանավորների հանդեպ իսկապես ուժ է կիրառվել, գրում է «Настоящее время»-ն։

Քաղաքացիական ակտիվիստ Դարխան Ուալիեւի կինը կարողացել է տեսակցություն ստանալ նրա հետ ձերբակալությունից տասը օր հետո միայն։ Բուլբուլի խոսքով՝ նրա ամուսնուն դաժանաբար ծեծել են ոստիկանության վարչության շենքում 11 ժամ՝ խոստովանական ցուցմունքներ պահանջելով։

Դարխան Ուալիեւը Ալմաթիի Հանրապետության հրապարակում է եղել հունվարի 5-ին։ Կան վկաների ցուցմունքներ, որ նա չի մասնակցել բողոքներին, այլ օգնել է ներքին զորքերի վիրավոր զինվորներին։ Բայց, չնայած դրան, արդյունքում, միեւնույն է, ձերբակալվել է եւ մեղադրվել ահաբեկչության մեջ։ Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն։

«Երբ ես նրան տեսա առաջին անգամ, դեմքն ամբողջովին այտուցված եւ կապտուկների մեջ էր, շարժումներն ազատ չէին,- պատմում է Դարխան Ուալիեւի կինը՝ Բուլբուլ Բերդիկոժանովան։- Բայց չէ՞ որ մենք տասն օր հետո էինք տեսնվել, արդեն մեկուսարանում, իսկ նրան դեռեւս ոստիկանությունում էին ծեծել։ Ոչ մի բժշկական օգնություն ոչ ոք նրան չի ցուցաբերել։ Արդյունքում՝ նա ստորագրել էր թուղթ, որը մատուցել էին նրան, բայց թե ինչ էր գրված այնտեղ՝ նա արդեն չի կարողացել կարդալ։ Նրան տանջել են էլեկտրաշոկերով, ինչից նա անգամ գիտակցությունն է կորցրել։ Ես դիմում եմ գրել դատախազությանը, բայց առայժմ ինձ պատասխան չեն տվել»։

Քաղաքացիական ակտիվիստների խոսքով՝ Դարխանը միակը չէ, որ Ալմաթիում ծեծի ու կտտանքների է ենթարկվել կալանավորումից հետո։ Այսօր ակտիվիստների խումբը եկել է Ալմաթիի դատախազության շենքի մոտ, որպեսզի պահանջի դադարեցնել դաժան վերաբերմունքը կալանավորվածների հանդեպ։ Նրանց խոսքով՝ կալանավորվածների մեծ մասը ոչ մի կապ չունի տեղի ունեցած անկարգությունների եւ թալանի հետ, եւ եթե նրանք խոստովանական ցուցմունքներ են ստորագրում, ապա դա անում են կտտանքներից եւ վախից։

«Մենք պահանջում ենք բաց թողնել անմեղ կալանավորված տղաներին։ Ես ինքս անձամբ եղել եմ հրապարակում եւ տեսել, որ այժմ կալանավորվածներից ոչ մեկը զենքով չի եկել հրապարակ,- ասում է քաղաքացիական ակտիվիստ Սագիլա Ժամալդինկզին։- Նրանք բոլորը խաղաղ ցույցի մասնակիցներ են եղել։ Նրանց ենթարկում են կտտանքների եւ ծեծի, ինչի մասին բազմաթիվ վկայություններ ենք ստանում։ Այդպես չպետք է լինի։ Մենք առանց այդ էլ շատ երիտասարդներ ենք կորցրել այդ բոլոր իրադարձությունների ժամանակ»։

Ղազախստանի գլխավոր դատախազությունում հաստատել են, որ Ալմաթիի քննչական մեկուսարաններում իսկապես կան մարմնական վնասվածքներով կալանավորվածներ։ Հսկիչ մարմնի ներկայացուցիչը հաշվել է 73 մարդ, որոնք կարող էին ծեծի ենթարկված լինել կալանքի վերցվելուց հետո։ Երեք ձերբակալվածի խափանման միջոցն արդեն փոխել են եւ ազատ արձակել։ 29 մարդ, որոնք հրազենային վիրավորում են ունեցել, դատախազների միջամտությունից հետո հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցներում։

Ընդհանուր առմամբ, Ղազախստանի դատախազությունում ստացվել է հունվարյան իրադարձություններից հետո կալանավորվածների հանդեպ ուժայինների դաժան վերաբերմունքի 91 բողոք։  Ընդ որում՝ գերատեսչությունում տեղեկացնում են, որ 19 դեպքերում խախտումները «չեն հաստատվել»։ 56 դեպքերի ստուգումները շարունակվում են։  Ամբողջ Ղազախստանում հարուցվել է 16 քրեական գործ ուժայինների կողմից լիազորությունների չարաշահման եւ կալանավորվածներին խոշտանգելու փաստերով։ Ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ հարուցվել է 819 քրեական գործ՝ կապված հունվարյան իրադարձությունների հետ։