Ալմաթիի Թուրքսիբի շրջանում հունվարի 26-ի ժամը 00.00-ից մինչեւ հունվարի 27-ի ժամը 00.00-ն մտցվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, տեղեկացնում է Orda.kz-ը։

«Հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների կողմից շարունակվում է զանգվածային անկարգությունների կազմակերպիչների եւ մասնակիցների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը։ Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների աշխատանքին, խստորեն հետեւել նրանց օրինական պահանջներին»,- տեղեկացրել է Ալմաթիի ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային օպերատիվ շտաբը։

Ղազախստանում հունվարի 2-ից զանգվածային բողոքներ էին սկսվել, որոնց համար պատրվակ էր դարձել հեղուկացված գազի գնի թանկացումը։ Անկարգությունների ընթացքում մահացել են հարյուրավոր ցուցարարներ, քանի որ Տոկաեւը հրամայել էր առանց նախազգուշացման կրակել  «ավազակների եւ ահաբեկիչների» վրա։