ԱՄՆ-ը նախազգուշացրել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին, որ «վճռական պատասխանի» կարժանանա, եթե օգնի Ռուսաստանին ներխուժել Ուկրաինա։

«Մենք նաեւ Բելառուսին հստակ հասկանալ ենք տվել, որ եթե թույլ տա օգտագործել իր տարածքը Ուկրաինայի դեմ գրոհելու համար, ապա կբախվի  արագ եւ վճռական պատասխանի ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, տեղեկացնում է «Голос Америки»-ն։

«Եթե ներխուժումը տեղի ունենա Բելառուսից, եթե ռուսական զորքերը մշտապես գտնվեն նրա տարածքում, ապա, միանգամայն հնարավոր է, որ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի վերանայել սեփական ուժերի դասավորությունը Բելառուսի սահմանակից երկրներում»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ այս ամսվա ընթացքում Լուկաշենկոն հայտարարել էր, որ ռուս-բելառուսական համատեղ ռազմական զորավարժությունները տեղի կունենան փետրվարին Ուկրաինայի եւ ՆԱՏՕ արեւելյան թեւի երկրների սահմաններին։

Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում պետք է մշակվի Արեւմուտքի ուժերին երկրի զինված ուժերի դիմակայության սցենարը։