Ինձ թվում է, որ Ալիեւն ու Ադրբեջանի ողջ ռազմաքաղաքական էլիտան ամեն տարի նամակ են գրում Ձմեռ պապին՝ խնդրելով Նիկոլ Փաշինյանին թողնել Հայաստանի իշխանությունում։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝  ավելի լավ նվեր դժվար է պատկերացնել։

Նա նշեց, որ Փաշինյանը բացահայտ ադրբեջանա-թուրքական քարոզչություն է վարում։

«Կարո՞ղ եք պատկերացնել, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ընտրողաբար ներկայացվեն Ղարաբաղի վերաբերյալ հարցերը միայն տարածքային ամբողջականության համատեքստում։ Սա հո Ադրբեջանի երկնագույն երազանքն է։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ ի պատասխան Ալիեւի սպառնալիքների Փաշինյանն արդարացնում է Ադրբեջանին թեզիսների ինչ-որ «հայելային արտացոլմամբ», որոնք իբր հնչել են Հայաստանից։ Պարզապես հիշեցնեմ, որ Հայաստանը ոչ մի իշխանության օրոք նման ռազմաշունչ հռետորաբանությամբ, որը հնչում է Բաքվից, հանդես չի եկել»,- պարզաբանեց Մամիջանյանը։

Խմբակցության քարտուղարը տարակուսանք հայտնեց, որ սեփական Զինված ուժերի ներգրավումը միջազգային առաքելությունում Փաշինյանը ներկայացնում է որպես ընդամենը  փռի պահպանություն։

«Իշխանությունում Փաշինյանի գտնվելու ամեն օրը բարձրացնում է Հայաստանի խոցելիությունը»,- փաստեց նա։

Հայկ Մամիջանյանը համոզված է, որ 2008թ. մարտի 1-ի զոհերը Փաշինյանի խղճին են, քանի որ հենց նա է առաջինը կոչել զինել ցուցարարներին քարերով ու մահակներով։