Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է, թե ում է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնում, գրում է 168.am-ը: 

Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Հիշեցնենք նաև, որ նախագահի հրաժարականից հետո, մինչ շատերը սոցիալական ցանցերում փորձում էին գլխի ընկնել, թե ի՞նչն է մինչև վերջերս էլ գլոբալ ինչ-որ նախագծերի մասին ելույթներ ունեցող նախագահի հրաժարականի բուն պատճառը, Ֆեյսբուքում որոշ շրջանակներ, որպես ՀՀ նախագահի թեկնածու, ակտիվորեն շրջանառում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը: Վերջինս կարծես դեմ չէ, ավելին՝ չի թաքցնում իր ցանկությունը:

NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի պաշտոնում  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին առաջադրելու  վերաբերյալ  լուրերին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց. 

«Քննարկումներ են տեղի ունենում, որոշում դեռ չկա, եւ այդ քննարկումների ընթացքում բազմաթիվ մարդկանց անուններ կարող են շրջանառվել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի դեռ չկա կուսակցության վարչության եւ խմբակցության որոշումը։  Պատեհ պահին մենք որոշման մասին կհայտնենք, պետք է հաշվի առնել, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ  հրաժարականի դիմումը հետ  վերցնելու հնարավորություն  ունի»։