ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վաղուց կորցրել է իրականության հետ կապը, դժվար է նրա հայտարարություններին լուրջ վերաբերվել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքը արեւելյան թեւում ռազմական ներկայության հնարավոր ավելացման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, ես վաղուց չեմ դիտարկում նրա  հայտարարությունները։ Ըստ իս՝ նա արդեն կորցրել է իրականության հետ կապը»,- ասել է Լավրովը։ 

Երկուշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց ուժերը մարտական պատրաստվածության են բերում եւ հավելյալ նավեր եւ կործանիչներ ուղարկում Արեւելյան Եվրոպա՝ ամրապնդելով դաշնակիցների պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է զարգացնել իր ռազմական հզորությունը Ուկրաինայում եւ նրա շուրջ։ Ստոլտենբերգը պնդել է, որ Արեւելյան Եվրոպայում դաշինքի նոր ուժերի տեղակայումը «չի սպառնում Ռուսաստանին» եւ չի խոչընդոտում նրա հետ երկխոսությանը։