Մայրաքաղաքի Այգեձորի փողոցը ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում է: Հունվարի լույս 19-ի գիշերն այստեղ բնակարանային գողության փորձի երկու դեպք արձանագրվեց։ Ժամը 4.20-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդում էր ստացվել, որ Այգեձորի 1-ին նրբանցքի բազմաբնակարան շենքի մի բնակիչ զանգել է 1-02 և հայտնել, որ շքամուտքից տարօրինակ ձայն է լսվում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոտ մեկուկես ժամ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվում է նոր հաղորդում. Այգեձորի փողոցի մեկ այլ շենքի բնակիչ հայտնել էր, որ փորձել են բացել տան մուտքի դռան փականը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը քննիչի և փորձագետի հետ մեկնում է Այգեձորի փողոց: Իրավապահներին հաջողվում է պարզել, որ երկրորդ դեպքով գործողությունները ծավալվել են առաջինից մոտ 10 րոպե անց: Ժամը 4.30-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էին բացել մուտքի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվում է, որ գողության փորձերն արել է Երևանի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:

Հունվարի 24-ի ցերեկը նա հայտնաբերվում է մայրաքաղաքի Թամանցիների փողոցում, բերման ենթարկվում բաժին ու ներկայացվում տարածքային նախաքննական մարմնին, որտեղ էլ տալիս է խոստովանական ցուցմունք:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: