Այն ժողովուրդը, որի՝ ամբողջ գիտակցական կյանքը հայրենիքի քաղաքական  ու պատմական ճակատագիրը կերտելուն նվիրաբերած հերոսին ձեռնաշղթաներով պետք է բերեն դատարան, իր բարոյականության ուղիղ 50 տոկոսն արդեն կորցրել է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, Գորիսում, դատարանի շենքոի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ հույ հայտնելով, որ դատարանն այսօր արդարացի որոշում կկայացնի և Աշոտ Մինասյանին ազատ կարձակի։

«Դրանից հետո պետք է սկսվի այն դատավորների ապաշխարանքի  շրջանը, որոնք համարձակվեցին կալանավորման որոշում տալ, պետք է հայցեն նրա ներողամտությունը»,- ասաց գրականագետը։

Սերժ Սրապիոնյանի խոսքով, եթե դատարանն արդարացի վճիռ չկայացանի, ամեն ինչ անելու են, ընդհուպ մինչև այս երկրի իշխանությունների դեմ անհնազանդության գործունեություն ծավալելը։

«Ես ԵՊՀ դասախոս եմ, կմտնեմ լսարան, անհնազանդություն կհայտնեմ և դասախոսություն չեմ կարդա, մյուսը կգնա իր աշխատանքի վայր ու չի աշխատի։ Մենք կաթվածահար  կանենք այն պետությունը, որը դատում է իմ հերոսին, ապագա մանուկների կերպարի կերտիչին փորձում է աղավաղել։ Չեմ ուզում այդպիս սերունդ, ուսանողություն ունենալ»,- ասաց գրականագետը։

Նա ընդգծեց, որ Աշոտ Երկաթի, Գորիսիս համայնքապետ Առուշ Առուշանյանի տեսակը պետք է մնան իր պատմության, սերունդների մտածողության և ըմբռնումների մեջ, որպեսզի գալիք սերունդերն ավելի կատարյալ լինեն։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):