Գերմանիան Ուկրաինային 5000 ռազմական սաղավարտ կմատակարարի։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը՝ Բեռլինի հասցեին աճող քննադատության ֆոնին՝ կապված Կիեւին զենք մատակարարելուց հրաժարվելու հետ,  հայտնում է Reuters-ը։

«Ես նամակ եմ ստացել Ուկրաինայի դեսպանատնից՝ խնդրելով աջակցել ռազմատեխնիկայի, ավելի ճիշտ՝ սաղավարտների համար»,- Բեռլինում լրագրողներին ասել է Լամբրեխտը: «Մենք Ուկրաինային կտրամադրենք 5000 սաղավարտ՝ որպես հստակ ազդանշան․ մենք ձեր կողքին ենք»:

Մինչ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան սկսել են ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է «մահաբեր զենք» ուղարկելը՝ չնայած Կիեւի պահանջներին:

«Դա հանդերձանք է, ոչ թե զենք, բայց դա օգնում է»,- ասել է Լամբրեխտը: «Հենց այսպես կաշխատենք այս  հակամարտությունում։ Մենք աշխատում ենք Եվրոպայի կենտրոնում այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ»,- հավելել է նա։