Գազի սակագների 6%-ով հնարավոր բարձրացումը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվարկած միջին կշռված ցուցանիշն է, սակայն կան հատվածներ, որոնք եթե հայտերն ընդունվեն, գազը ավելի բարձր սակագնով կսպառեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

«Մասնավորապես, խոսքն այն տնտեսվարող սուբյեկտների մասին է, որոնք աելի քան 10 000 խորանարդ մետր գազ են սպառում։ Այստեղ, որպես երկու սուբյեկտ, հանդես են գալիս ջերմաէլեկտրակայանները եւ ավտոգազալցակայանները։ Երկու դեպքում էլ ականատես կլինենք բավական լուրջ բարձրացման։ ՋԷԿ-երի դեպքում դա նշանակում է ապագայում էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացում։ Ավտոգազալցակայանների դեպքում փոփոխությունը կհանգեցնի շարժիչային վառելիքի թանկացման հերթական ալիքի, որը նկատվում է վերջին 1,5-2 տարում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասաց նա։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտը թույլ է տալիս ասել, որ կալորիականության ինդեքսի կիրառման դեպքում, ըստ նրա, կնկատվի սպառողական գների աճ։

Փորձագետը դրական էֆեկտների մասին խոսակցությունները վաղաժամ է համարում, նախնական հաշվարկները նույնպես սակագների ձեւավորման նոր մոդելի օգտին չեն վկայում։

«Եթե խոսենք առավելությունների մասին (այն առումով, որ սպառողները կարող են ավելի որակյալ գազ ստանալ-խմբ.), ապա հարց է առաջանում՝ ո՞վ է այդ ամենը վերահսկելու։

Այս խնդիրը երկար տարիներ գոյություն ունի՝ սկսած 2013 թվականից: Ո՛չ այն ժամանակ, ո՛չ ներկայիս իշխանությունների օրոք այս մասին պաշտոնապես չի խոսվել։ Կալորիականության ինդեքսը կարող է կիրառվել տնտեսական մանիպուլյացիայի համար, քանի որ այն մանեւրելու լավ հնարավորություն է ստեղծում սակագնային քաղաքականության իրականացման ընթացքում՝ դրանից բխող բոլոր ռիսկերով։ Այստեղ միանշանակ մոտեցում լինել չի կարող։ Ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն հենց հիմա բարձրացնում այս հարցը։ Չէ՞ որ այս խնդիրը նախկինում էլ է գոյություն ունեցել, այդ թվում՝ 2018 թվականից հետո։ Քանի որ «Գազպրոմ Արմենիան» ամեն կերպ պնդում եւ հիմնավորում է Հայաստանում սակագների բարձրացման անհրաժեշտությունը, ուստի հասարակության բացասական արձագանքը նվազագույնի հասցնելու համար իշխանությունները դիսկուրս մտցրեցին կալորիականության եւ նոր ինդեքսի հարցը, որը կարող է կիրառվել»,- հավելեց Դավթյանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նախորդ գործողություններից հետո ակնհայտ էր, որ նա շարունակելու է սակագների բարձրացման հայտեր ներկայացրել։

Փորձագետը հիշեցրեց, որ ընկերությունը գնացել է աշխատակիցների կրճատման, ներդրումային քաղաքականության վերանայման, իսկ այս ամբողջ գործընթացի գագաթնակետ է դարձել «Հրազդան-5»-ի փակումը։

«Հայաստանի իշխանություններն արդեն սկսել են բյուջեից փոխհատուցել «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական վնասները։ Այն սակագները, որոնք այսօր գործում են, ոչ մի կերպ չեն ապահովում ընկերության ֆինանսական եւ գործառնական կայունությունը։ Սակագնային կառուցվածքում միակ բաղադրիչը, որը կարող է շտկել աճը, «Գազպրոմ Արմենիա-ի աշխատավարձերի ֆոնդն է։ Բայց այստեղ էլ ռիսկեր կան, քանի որ նման քայլը կարող է հանգեցնել սոցիալական բացասական հետեւանքների՝ հաշվի առնելով, որ ընկերությունը երկրի խոշորագույն գործատուներից մեկն է»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված: