Կանադան 3 տարով կերկարաձգի ուկրաինացի զինծառայողներին վերապատրաստելու առաքելությունը։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Այսպես, Կանադայի զինված ուժերի եւս 60 ներկայացուցիչներ կմեկնեն Ուկրաինա, որոնք կհամալրեն 200 զինծառայողներից բաղկացած կոնտինգենտը։ Բացի այդ, Օտտավան Կիեւին ոչ մահաբեր զենք կմատակարարի 340 միլիոն կանադական դոլարի (մոտ 239 միլիոն եվրո) չափով օգնության շրջանակում, գրում է DW-ը։

Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդն առաջիկա օրերին կայցելի Լատվիա եւ Ուկրաինա։ Նրա խոսքով՝ Կանադան արդեն վերապատրաստել է ավելի քան 30 հազար ուկրաինացի զինծառայողների։ 

Մեկ օր առաջ Կանադայի իշխանությունները որոշել էին ժամանակավորապես հայրենիք տեղափոխել Կիեւում իրենց դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամներին։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայի մերձակայքում ռուսական ուժերի ներկայության աճի ֆոնին։

2021 թվականի ամռան սկզբից Ռուսաստանի Դաշնությունը մոտ 100 հազար զինվորական է տեղակայել բռնակցված Ղրիմում եւ Ուկրաինայի հետ սահմանին՝ բացատրելով, որ զորավարժություններ է անցկացնում։ Արեւմտյան երկրների առաջնորդները մտավախություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի, սակայն Կրեմլը հերքել է նման գործողության ծրագրերը։