Բրիտանիայի արքայազն Էնդրյուի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը պատրաստ է, որ ԱՄՆ-ում ատենակալների դատարանը քննի իր դեմ բռնաբարության մասին ներկայացված հայցը։ Հայտարարությունն առկա է բրիտանական ԶԼՄ-ների հրապարակած դատական փաստաթղթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Արքայազն Էնդրյուն սույնով պահանջում է ներկայացված հայցի բոլոր կետերի դիտարկում ատենակալների դատարանի կողմից»,- ասված է Եղիսաբեթ II թագուհու որդու՝ դատավորին ուղարկված հայտարարությունում։

Ավելի վաղ ատենակալների դատարանի կողմից իր հայցի քննարկման հարցապնդում էր արել ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն, որը արքայազնին մեղադրում է այն բանում, որ 2001թ. նա մի քանի անգամ սեռական կապի մեջ է մտել իր հետ՝ իր կամքին հակառակ, երբ աղջիկը 17 տարեկան էր։ Ձեւաչափի որոշման համար բավական է միայն մեկ կողմի հարցապնդումը, եւ մի քանի փորձագետներ արդեն հայտարարել են բրիտանական ԶԼՄ-ներին, որ արքայազնի դիրքորոշումն այս դեպքում ձեւականություն է։

Պաշտպանության հայտարարությունում նաեւ կետ առ կետ մերժվում են բոլոր մեղադրանքները, որոնք ներկայացվել են արքայազնի դեմ։ Մի շարք դեպքերում նշված է, որ նա ամբողջ ինֆորմացիային չի տիրապետում, որպեսզի հաստատի կամ հերքի Ջուֆրեի հայցի որոշ հայտարարությունների արդարացիությունը։ Դա, մասնավորապես, վերաբերում է լուսանկարի իսկությանը, որտեղ աղջիկը պատկերված է թագուգու որդու հետ։ Փաստաթղթից հետեւում է, որ արքայազնի փաստաբանները նախկինի պես մտադիր են պնդել, որ հայցը չի կարող դիտարկվել ամերիկյան դատարանի կողմից  մի շարք ֆորմալ հիմնավորումներով։

Հունվարի կեսին Նյու Յորքի Հարավային օկրուգի դատարանը չմերժեց Ջուֆրեի հայցը, իսկ դատավոր Լյուիս Կապլանը հայտարարեց, որ այն կարող է դիտարկվել ըստ էության սեպտեմբեր-դեկտեմբերին։ Ընդ որում՝ չի բացառվում, որ լսումները հետաձգվեն բազմաթիվ ընթացակարգային բարդությունների պատճառով։ Կողմերը նաեւ կարող են արտադատական համաձայնության գալ, բայց ավելի վաղ Ջուֆրեն հայտարարել էր, որ շահագրգռված չէ դրանում եւ ցանկանում է, որ արքայազնը կանգնի դատարանի առջեւ։

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հազիվ թե արքայազնին հաջողվի խուսափել դատավարությունից, Եղիսաբեթ II-ի որոշմամբ նա զրկվեց զինվորական կոչումներից եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորի դերից։ Նա նաեւ կորցրեց Նորին Գերազանցություն պաշտոնական տիտղոսը օգտագործելու իրավունքը, չնայած պահպանեց այդ եւ Յորքի հերցոգի տիտղոսները կրելու իրավունքը։ Պաշտոնական պարտականությունները կատարելուց արքայազնը ստիպված էր հրաժարվել դեռեւս 2019թ. վերջին, երբ Ջուֆրեն նորից հրապարակայնորեն հայտարարել էր այն մասին, որ արքայազնը եղել է այն մի քանի տղամարդկանց մեջ, որոնց հետ իրեն ստիպել են սեքսով զբաղվել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը եւ նրա սիրուհի, բրիտանուհի Գիլեյն Մաքսվելը։

Էփշթեյնը կալանավորվել էր Նյու Յորքի նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019թ. հուլիսին։ Նրան առաջադրվել էին սեռական բռնության եւ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու մեղադրանքներ։ Դատախազությունը հայտարարել էր, որ կան վկայություններ այն մասին, որ 2005 թվականից գործարարը կազմակերպել է Մանհեթենի իր բնակարան տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ, որոնցից ամենափոքրը 14 տարեկան է։

ԱՄՆ-ում ֆինանսիստի քրեական հետապնդումը դադարեցվեց բանտում 2019թ. օգոստոսի 10-ին նրա ինքնասպանությունից հետո։ Մաքսվելը մեղավոր է ճանաչվել անչափահասների սեռական շահագործման մեջ անցած տարվա դեկտեմբերի 30-ին, նրան սպառնում է 65 տարվա բանտարկություն։